«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման անդամները «Ազատություն քաղբանտարկյալներին» գրությամբ շապիկներով և կալանավորված Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների, Վոլոդյա Ավետիսյանի նկարներով վաղ առավոտից ակցիաներ էին անցկացնում Հայաստանում օտարերկրյա դեսպանությունների առջև:
Թեև Ժիրայր ՍԷֆիլյանն ու համախոհներն ազատության մեջ են, ցուցարարները պարզել էին նաև նրանց նկարներով պաստառներ՝ դիվանագետներին հանձնվող նամակներում նշելով, թե քանի դեռ չի կարճվել քրեական գործը, նրանք քաղաքական հալածյալներ են: «Հետապնդումները դեռ շարունակվում են, քննչականը ամեն օր հրավիրում է հարցազրույցների, ներկայացնում են իրենց իրեղեն ապացույցների փորձաքննությունը: Եվ այդ մարդկանց ազատ խոսքի և ազատ շարժի խոչընդոտ են ստեղծում»,- «Ազատության» հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը: ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի դեսպանատներին, միջազգային կառույցներին փոխանցված նամակներով ընդդիմադիրները պնդում են՝ Հայաստանում մեկ տասնյակից ավելի քաղբանտարկյալներ կան՝ Շանթն ու ընկերները, նրանց ազատության համար բողոքի ակցիա իրականացրած Հայկ Կյուրեղյանը և ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը: